Հասարակագիտություն 11-րդ դասարան

1. Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտոթյունը 

Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: 
«Պետություն» հասկացությունը  օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Այն իր մեջ ընդգրկում է պետությունը և հասարակությունը: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:

2. Պետությունը քաղաքական համակարգի ինստիտուտ 


Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետություն տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: 
Պետության վերաբերյալ Խորհրդային Միությունում հրատարակված աշխատությունների մեծ մասում նրա  էությունը քննարկվել է դասակարգային դիրքերից, որպես անսահմանափակ իշխանության միջոց, տիրապետող դասակարգի դիկտատուրա: Դասակարգային մոտեցումը լայն հնարավորություններ է ընձեռում որոշելու իշխանության բնույթը, պետության էությունը, պարզելու, թե ով է իրականացնում և ում է պատկանում  քաղաքական իշխանությունը: Սակայն պետական իշխանության դասակարգային բնույթի հաստատումը չի  սպառնում պետության էության հիմնախնդիրները: Դեռ ավելին, դասակարգային մոտեցման օգտագործումը էականորեն սահմանափակում է պետության էությունը բացահայտելու հնարավորությունը: Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը:  Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:
Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:
 Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն  հասարակության մեջ:
Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին:
 Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը:
Բռնության տեսություն Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով:
Ժողովրդագրական տեսությունԺողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է բնակչության թվաքանակի և խտության աճի, քոչվորությունից նստակյաց կյանքի անցման, ինչպես նաև մեձավոր ազգականների միջև արյունապղծության արգելման և ամուսնական հարաբերությունների կարգավորման հետ: Դա պահանջում էր ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արգելեին սեռական հարաբերությունները մոտիկ հարազատների միջև, կապեր հաստատեին մյուս համայնքների հետ և այլն: Իսկ դա կարող էր կատարել միայն մի կազմակերպություն, ինչպիսին պետությունն է:
Պատմականմատերիալիստական տեսությունԱյդ տեսությունը առավել հաջող զարգացում ստացավ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերում: Տեսության իմաստն այն է, որ պետությունը ծագել է նախնադարյան հասարակության բնական և ամենից առաջ տնտեսական զարգացման հետևանքով, որը ոչ միայն ապահովում է պետության ծագման նյութական պայմանները, այլև որոշում է հասարակության սոցիալական փոփոխությունները: Պատմական-մատերիալիստական տեսությունը պետության ծագման վճռական դերը բացատրում է մի կողմից`դասակարգերի, նրանց միջև հակասությունների, դասակարգային անհաշտ պայքարի առաջացման, սեփականազուրկ դասակարգերի ճնշման, մյուս կողմից` հասարակության տնտեսական զարգացման և բաշխման հարաբերությունների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Այսպիսով, պետության ծագման և զարգացման տեսություններից երևում է, որ այդ գործընթացների վրա ազդել են. աշխատանքի հասարակական բաժանումը և կառավարչական զբաղմունքի առանձնացումը, մասնավոր սեփականության, սոցիալական խմբերի և շահագործման առաջացումը, հավելյալ արդյունքի և ազգաբնակչության աճը, պատերազմներն ու նվաճումները, աշխարհագրական-կլիմայական պայմանները և ներքին ու արտաքին զանազան գործոններ:
Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով:
1.Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են : 

3. Պետության բնութագրիչները, տարրերը, խնդիրները 


Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա:
 2.Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը:
3,Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:
Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:
Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:
Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:
Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:
Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:
Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ:
Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որնոց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն):
Պետության ներքին գործառույթները  կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն:
Պետության արտաքին գործառույթը  վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն:
Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկա պայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ,ԵԽ,ԵԱՀԿ, ԱՊՀ: 

Կարծիք`
Այսպիսով, պետությունը, ինտեգրացնելով սոցիալական բոլոր խմբերի շահերը, կոորդինացնելով բոլոր քաղաքական ուժերի գործողությունները և լինելով քաղաքական գործունեության, քաղաքական որոշումների մշակման և իրականացման կենտրոն, ապահովում է հասարակական ուժերի համաձայնությունը, համագործակցությունը, քաղաքական կայունությունը, սոցիալական առաջադիմությունը և դրանով իսկ դառնում քաղաքական համակարգի հիմքը, գլխավոր ինստիտուտը:   

No comments:

Post a Comment