Էջեր

Wednesday, 10 April 2019

Կոնֆլիկտ

  • Հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։
  • Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած հակամարտությունը, հակասությունը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի կուլմինացիա և հանգուցալուծում։ Այսպիսով ստեղծագործության համար ապահովվում է ներքին դիալեկտիկական միասնությունն ու ամբողջականությունը։ Կյանքի հակադիր ուժերի մշտական պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ սոցիալ-քաղաքական ուժերի անհաշտ հակադրությունից (կոլիզիա) մինչև անձնական շահերի բախում (ինտրիգ)։

Նկարագիր

Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմնավորելով կերպարների, նրանց հարաբերությունների, հոգեբանության և տրամադրությունների մեջ։ Կոնֆլիկտի շուրջն են համախմբվում ստեղծագործության կերպարները։ Կոնֆլիկտ առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մինչև պայքարի լուծումն ու ավարտը։ Սյուժե ունեցող երկում կոնֆլիկտի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հակադրությունն է, որն արտահայտում է սոցիալ-քաղաքական ներհակ ուժերի պայքարը (օրինակ, Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի պայքարը «Սասունցի Դավիթ» էպոսում)։ Կոնֆլիկտի այդ ձևը բնորոշ է վիպական և մանավանդ դրամատիկական երկերին, որտեղ սովորաբար պատկերվում են գործողության ու պայքարի մեջ հանդես եկող հերոսներ։
Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ (օրինակ, Համլետը (Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի, կասկածի և տատանումների լարված հոգեվիճակ) ։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, Պ. Դուրյանի, Վ. Տերյանի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրականության հակադրությունից բխող ողբերգական ապրումները)։ Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է Գ. Հեգելը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։

Սոցիալական բնույթ

Մարքսիստական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ էնգելսը հատկապես վերապահում է անում, որ «… գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը»։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական գեղագիտության մեջ մնում է այժմեական։

Կոնֆլիկտոգենեզ

Կոնֆլիկտոգենեզը գործընթաց է, որի արդյունքում ժամանակակից հասարակության մեջ առաջնում և հետագա զարգացում են ունենում կոնֆլիկտի ձևերը։ Այն թողնում է իր հետքը՝ որոշումների կայացման և հետագա էվոլյուցիայի վրա։
Կոնֆլիկտը կոնֆլիկտոգենեզի հետևանքն է՝ այսինքն այն աղբյուրը, շարժառիթը կամ գռգռող գենը, որի արդյունքում ծագում է կոնֆլիկտը, կոչվում է կոնֆլիկտոգենեզ։

Կոնֆլիկտի տեսակներ

Կոնֆլիկտի բնույթը կախված է հակադիր կողմերի յուրահատկություններց և այն պայմաններից, որում ընթանում է նրանց հակամարտությունը։ Տարբերում են մի քանի տեսակներ.
  • Ներքին կոնֆլիկտներ՝ փոխգործակցության հակամարտություն է տվյալ օբյեկտի ներսում։ Օրինակ՝ տվյալ կենդանինների խմբի միջև (ներքին հակամարտություն)։ Գործընթացի զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլև արտաքին և շրջակա միջավայրի շփման հետ։
  • ‎ Արտաքին կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է տարբեր օբյեկտների միջև։ Օրինակ՝ հասարակության և բնության, օրգանիզմի և արտաքին միջավայրի և այլն։
  • Անտագոնիստական (թշնամական) կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է անհաշտ հասարակական խմբերի և ուժերի միջև։ Մաթեմատիկայում «անտագոնիզմ» տերմինը համարվում է շահերի մշտական բախում (այսինքն խաղերի տեսությունը), որտեղ միշտ մեկի հաղթանակը հակադարձ հավասար է մյուսի պարտությանը։ Իրականում անտագոնիզմը տեղի է ունենում միայն շուկայական մրցակցության, պատերազմների, սպորտային մրցաշարերի և այլնի ընթացքում։‎

Կոնֆլիկտների լուծում



Կոնֆլիկտների լուծումը ոչ մրցակցային, վերլուծական, խնդիրների լուծմանն ուղղված գործընթաց է, որը ենթադրում է կողմերի ուղղակի մասնակցությունը՝ արհեստավարժ պրակտիկների օգնությամբ, և կենտրոնանում է ինչպես ինքնության, այնպես էլ կառուցվածքի վրա՝ դրանք դիտելով որպես կոնֆլիկտների վերլուծության և լուծման գործընթացի առանցքային հարցեր։

No comments:

Post a Comment