Monday 22 April 2019

Համո Սահյան


Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: 



Երկու թարմ հուշ. Պատմում է Համո Սահյանի քույրը՝ 91-ամյա Հասմիկ տատը

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…
…………….
Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն: 1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում…Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում…Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին…իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում՝ վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ թե՝ մեռնեմ…
Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազալուց,անընդհատ ծխելուց…
Վերջին անգամ, որ Լորից գալուց՝ ճամփեցի, ասեց՝ Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի / Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես…
Ոտերիս, կռներիս զարկեցի լացս դրի, ասի՝ Համո, հաշվի՝ ինձ արդեն թաղեցիր, Խչիբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ /քույրերիդ/ գլուխը մի կտրիր…
Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ դուրս եկավ՝ ես էլ մինչև մեքենան շարժվելը՝ ծնկներիս տալով՝ հետևից ընկած …
…Համոյից հետո, հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը և ամեն անգամ լաց լինելով՝ դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթևանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում…
Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում…Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչիբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից…Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա…
Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79-նն եմ…Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի՝ 12 տարի: Ասում էր՝ Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ՝ մեր հորը, ումբուրդ /կյանքդ/ երկար է լինելու…
Ավել չեմ ուզում, գոնե մինչև Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ՝ գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր՝ հարյուր ամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերև կանգնես, մեր տան շունչը զգամ… 

Համո Սահյան Հուշեր Հ.Այվազյանի կողմից 

Հովհաննես Այվազյանի հուշերից)
«…Համո Սահյանը պառկած է՝ դեմքը պատի կողմը…
Հիվանդասենյակում են Համո Սահյանի կինը՝ Սվետլանան, քույրերը, երկու դեռահաս աղջիկ զարմուհիները, տարիների մտերիմներ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ու իր կինը՝ Օդենան:
…Շնչարգելություն: Այրոցքը խեղդում է: Թույլ ձեռքը գնում է կրծքավանդակի աջ կողմին ու կծկվում ցավից: …Թթվածինն օգնեց: Աչքերը բացեց: Ներկաները քաջալերում էին ինձ, որ խոսեմ:
— Գիրքը համարյա վերջացրի, Վարպետ: …Երկուշաբթի կհանձնեմ հրատարակչություն:
— Հա՞, -ուրախացավ:
— «Նաիրիի» ղեկավարությունը խոստացել է շատ արագ՝ մի երկու ամսում հրատարակել Ձեր «Հատընտիրը»:
— Շատ շնորհակալ եմ, -թույլ ժպտաց: Երկու մատը վեր պարզեց ու իջեցրեց:
— Լավ նշելու ենք, -ասացի:
— Ինձ երկու օր է մնացել, – նորից վեր պարզեց զույգ մատը:
…Րոպեն մեկ, թվում է վայրկյանը մեկ՝ այրոցք: Դեմքն անընդհատ ծամածռվում է շնչափողի ցավերից…
— Չի անցնում էս այրոցքը… Սպանում է… Երկու անգամ ուժեղ դեղ սրսկեցին… Չօգնեց…
Ու վերադառնում է մեր զրույցի շարունակությանը.
— Սվետան էլ մյուս գիրքը կարդաց, վերջացրեց… Տեսա՞ր չէ, հենց էստեղ հիվանդանոցում սրբագրեց… Մերուժանը եկավ տարավ… Տեր-Գուլանյան…
Համո Սահյանը որոշել էր վերնագիրը «Վերջին լեռնանցք» դնել: Հետո իր նախավերջին օրը փոխել էր, դարձրել «Ինձ բացակա չդնեք»:
— Մանսուրյանն ավարտեց թումանյանական շարքը, -ասացի, -չորս երգ Քուչակից, չորս երգ՝ Թումանյանից, չորս երգ՝ Տերյանից, չորս երգ՝ Սահյանի՜ց:
— Հը՜մ, – ակնարկս հասկանալու նշան տվեց:
— Լավն են, չէ՞, երգերը, -հարցրեց Համո Սահյանը, – ափսոս չեմ լսել:
…Սկսեց թվարկել՝ «Արագիլ», «Ուլունք», «Ճնճղուկներ», «Կանաչ ախպեր» …
— Տիգրանն ու՞ր է, ինչու՞ չեկավ… Ասա՝ կարոտում եմ իրեն… Ասա պաշտում եմ իրեն…
Տիգրան Մանսուրյանին չէր տեսել ընդամենը մեկ շաբաթ: Նախորդ ուրբաթ միասին էինք եղել հիվանդանոցում:
— Գրքիս վերնագիրը՝ «Քարե պատարագ», – երկու բառն էլ շեշտեց հատ-հատ:
Վերջին օրերը վերնագրի վրա էր տանջվում ու ամենալավը չէր գտնում… Ահա: Վերջին ժամերին: «Քարե պատարագ»:
Մինչեւ վերջին պահը միտքը՝ պարզ: Մինչեւ վերջին պահը՝ բանաստեղծ: Մինչեւ վերջին պահը ստեղծագործության մեջ: Մինչեւ վերջին պահը՝ անտրտունջ:
…Կողքի պատշգամբից Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության հնչյունները լսեցինք… Սվետան միացրեց ռադիոն: Մանսուրյանի հնչյունները ողողեցին Համո Սահյանին:
Ժամը 20.30-ն էր: Ներս եկավ Համո Սահյանի ավագ որդին՝ Նաիրին: Ներքին տառապանքը թաքցրած, ասաց.
— Հայրիկը քնել է, հանգիստ թողեք, թող քնի: Սենյակից դուրս եկեք բոլորդ:
Վերջին անգամ ձեռքս դրի Համո Սահյանի ոտքին՝ տպավորությունս նույնն էր՝ սառչում է: Վերջին հրաժեշտի հպումն էր: Վերցրեցի Սվետայի տված՝ Համո Սահյանի վերջին տուփ ծխախոտը՝ որպես հիշատակ:
…Իմ գնալուց հետո շնչել էր եւս երեք ժամ 10 րոպե առանց գիտակցությունը կորցնելու: Բայց այլեւս չէր խոսել…»:
(Համո Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը, Ե., 2003, էջ 251-259)
Համո Սահյանը վախճանվեց 1993թ. հուլիսի 17-ին: 




No comments:

Post a Comment