Tuesday 10 December 2019

Փաստաբան և Փաստաբանական գործունեություն

<<Փաստաբան և Փաստաբանական գործունեություն>>



Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Քանի որ իրավական հարցերում ամեն ոք չէ, որ կարող է կողմնորոշվել, որովհետև դա իմացության հատուկ ոլորտ է, մարդը պետք է հնարավորություն ունենա ստանալու իրավաբանական օգնություն: Այդ իրավունքի երաշխիքը պետությունից անկախ գործող փաստաբանական ծառայությունն է:

Փաստաբանական ծառայությունը ոչ կառավարական հատուկ կազմակերպություն է, որն իրավաբանական օգնության միջոցով իրականացնում է մարդու իրավունքների խախտումների կանխումը, դրանց պահպանման համար երաշխիքների ստեղծումը, կենսագործման ճանապարհին եղած արգելքների վերացումը:

Փաստաբանական պալատը փասաբաններին միավորող անկախ, ինքնակառավարվող կազմակերպություն է: Այն կոչված է ապահովել նրանց արդյունավետ գործունեությունը, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Հայաստանում կարող է կազմավորվել միայն մեկ փաստաբանական պալատ, որին պետք է անդամակցեն բոլոր փաստաբանները:

Փաստաբան է այն անձը, ով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում: Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար։
Փաստաբանները հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։ Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում։ Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով։ Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով։ Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ:

No comments:

Post a Comment