Thursday, 5 March 2015

Ինչո՞ւ ենք մենք նշում մարտի 8-ը

Այսօրվանից մտանք «կանանց միամսյակ»: Իմ և ավելի ավագ սերնդի համար մարտի 8-ը դեռևս մնում է
որպես կանանց միջազգային օր: Ավելի երիտասարդների համար ապրիլի 7-ն արդեն իսկ դարձել է մայրության ու գեղեկցության տոն: Ահա այս երկու տոնական օրերի միջև ընկած ժամանակաշրջանն էլ կարելի է համարել կանանց, մայրության և գեղեցկության միամսյակ:
Ծաղիկներ, շնորհավորանքներ, մեծարման երեկույթներ ու խնճույքներ, բանաստեղծություններ, ջերմ խոսքեր ու մաղթանքներ… Նման պոռթկումներ սովորաբար լինում են կանանց միամսյակի միայն առաջին կամ վերջին օրերին (այս օրերին՝ նաև որպես նախընտրական «գլուխհարթուկոց»): Մայրերի կենացը դարձել է ավանդույթ, որը պետք է անպայման նշվի բոլոր խրախճանքների ընթացքում:
Կան նաև «վախկոտներ», ովքեր չեն զլանում ցանկացած առիթով բաժակ բարձրացնել իրենց կանանց (և/կամ ընկերուհիների) համար:
Այսօր, որպես հանգստի օրվա տոնական գրառում, կանգ չեմ առնի նման, ըստ իս՝ ավելի շուտ ձևական ելևէջների վրա: Տարին ունի 360-ից ավելի օրեր, ու ցանկացած օր կարելի է դարձնել տոնական: Եվ կանանց պետք է հիշել ու մեծարել բոլոր օրերին: Դրա փոխարեն կանրադառնամ մարտի 8-ի գլխավոր հեղինակին, ումից կարելի է ու պետք է սովորել:

Կլարա Ցետկին

Կլարա ՑետկինՄարտի 8-ի առավոտյան տոնական տրամադրությամբ արթնացողներից քչերն այսօր գիտեն, որ մարտի 8-ի գլխավոր հեղինակը Կլարա Ցետկինն է՝ մի գերմանուհի սոցիալիստ, ով կանանց իրավունքների պաշտպանության անխոնջ մարտիկներից էր:
Ի՞նչ կարելի է սովորել Կլարայից՝ թեկուզ այն, որ նպատակ ունենալը քիչ է, պետք է նաև գործել, անգամ՝ զրկանքների գնով: Երբ 1881-ին Օտտո ֆոն Բիսմարկը ներմուծում է «Սոցիալիստների դեմ բացառիկ օրենքը», 24-ամյա Կլարան ստիպված էր լքել Գերմանիան և հեռանալ նախ Ցյուրիխ, հետո՝ Փարիզ: Իսկ կյանքի վերջին տարիներին էլ ստիպված էր տեղափոխվել Սովետական Միություն, որտեղ էլ մահացավ 1933-ին, 76 տարեկան հասակում:
Կլարա Ցետկինին այժմ շատերը մերժում են, քանի որ նա վառ կոմունիստական ֆիգուր էր և Կոմինտերնի ներկայացուցիչ: Բայց մենք մոռանում ենք, որ մեկ դար առաջ հենց Կլարա Ցետկինն էր կանանց իրավունքների համար պայքարող առաջամարտիկը: Հետո ի՞նչ, որ այն ժամանակ չկային դրամաշնորհներ ու ֆինանսավորողներ: Բայց կար մեծ նպատակ ու դրան հասնելուն ուղղված կոնկրետ քայլեր:
Դեռևս 1857-ի մարտի 8-ին մանհեթենյան փողոցներ են դուրս գալիս Նյու-Յորքի տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիները և բողոքում-պահանջում 10-ժամյա աշխատանքային օր, տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ և քաղաքական իրավունքներ: Իսկ այդ դեպքից 50 տարի անց, 1910-ին, Կոպենհագենում ընթացող Կանանց միջազգային համաժողովի ընթացքում Կլարա Ցետկինն առաջարկում է տարվա օրերից մեկը նշել որպես տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավահավասարության պայքարում կանանց համերաշխության միջազգային օր:
Սակայն մարտի 8-ը որպես տոնական օր ամրապնդվել է ավելի ուշ: 1911-ին որպես Կլարա Ցետկինի առաջարկած օր, նշվել է մարտի 19-ին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեցարիայում: 1912-ին նույն այս երկրներում կանանց իրավունքների պաշտպանության և միտինգների օր դարձավ մայիսի 12-ը, իսկ մեկ տարի անց՝ մարտի 2-ը: Ավելին, տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության միտինգներ էին կազմակերպվում տարբեր օրերին: Եվ միայն 1914-ին եվրոպական բազմաթիվ երկրներում և Ռուսաստանում միտինգներ կազմակերպվեցին նույն օրը, որը մարտի 8-ն էր:
1966-ին մարտի 8-ը պաշտոնապես հռչակվեց ոչ աշխատանքային և տոնական օր Սովետական Միությունում:

Իսկ 1977-ից սկսած մարտի 8-ը որպես տոնական օր ամրագրվեց նաև ՄԱԿ-ի կողմից՝ որպես կանանց միջազգային օր:
Այդ ժամանակներից անցել են բազմաթիվ տասնամյակներ, բայց կանանց իրավունքների հիմնախնդիրը չի կորցրել իր արդիականությունը: Այսօր առաջ են եկել նոր հասկացություններ, «սեռ»-ի կողքին հայտնվել է «գենդեր»-ը: Եվ տղամարդկանց ու կանանց իրավահավասարության քննարկումներն էլ դեռ շարունակվում են ու ստանում նորանոր նրբերանգներ: Այժմ կարծես թե կոմունիզմը մնացել է «7 սարից այն կողմ»: Սակայն, ինչքան էլ փորձենք մարտի 8-ը տարանջատել կոմունիստական պատմությունից, միևնույն է, այսօրվա տոնի հիմքերում կանգնած են հենց սոցիալիստներն ու անձամբ Կլարա Ցետկինը:
Խորին շնորհավորանքներով՝ Արթուր:
Աղբյուրը՝ e-armenians.com


No comments:

Post a Comment