Աշխարհագրական դիրք
Ստամբուլը գտնվում է Հյուսիսանատոլիական խզվածքի մոտ, որը սահմանակից է Աֆրիկական և Եվրասիական սալերին։ Սալային այս հատվածը, որը ձգվում է Հյուսիսային Անատոլիայից մինչև Մարմարա ծով, «պատասխանատու» է ուժեղ մի քանի երկրաշարժերի համար, որոնք տեղի են ունեցել քաղաքի պատմության ողջ ընթացքում։ Ստամբուլի պատմության ամենաուժեղ սեյսմիկ ցնցումը տեղի է ունեցել 1509 թվականին, որի արդյունքում ձևավորված ցունամին փլուզել է քաղաքի պարիսպները և դարձել ավելի քան 10 000 մարդու մահվան պատճառ։ Վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել 1999 թվականին, որի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Իզմիթ քաղաքի մոտ։ Երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 18 000 մարդ, որից 1000-ը ստամբուլցիներ էին։ Ստամբուլի բնակիչները վստահ են, որ մոտ ապագայում կանխատեսվող երկրաշարժները կարող են լինել ավելի աղետալի, քանի որ քաղաքն անդադար աճում, իսկ նորակառույց շենքերում չեն պահպանվում հակասեյսմիկ պահանջների ապահովումը։ Պատճառը Ստամբուլի բնակչության անընդհատ աճող ցուցանիշներն են: Սեյսմոլոգները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը Ստամբուլում 7,6 մագնիտուդ կամ ավելի հզոր ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը կազմում է 60 %։
Կլիմա
Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն, Ստամբուլի կլիման գտնվում է միջերկրածովյան կլիմայի (Csa), մերձարևադարձային կլիմայի (Cfa) և ծովային կլիմայի (Cfb) սահմանագծում, քանի որ քաղաքը գտնվում է տարանցիկ կլիմայական գոտում։ Ընդունված է ասել, որ Ստամբուլը գտնվում է չափավոր կլիմայական գոտում։ Ստամբուլի նահանգիայն հատվածները, որոնք հեռու են գտնվում երկու ծովերի ափերից ունեն մայրցամաքային կլիմային բնորոշ առանձնահատկություններ։ Նահանգի մայրցամաքային և ծովային տարածաշրջաններում տարվա կտրվածքով տարբերվում են գիշերների և ցերեկների տարբերությունները, ինչպես նաև տարբեր են ամռան և ձմռան տարեկան միջին ջերմաստիճանները։ Նահանգի որոշ հատվածներում ձմռանը, հատկապես գիշերվա ժամերին, ջերմաստիճանը զրոյից ցածր է։
Ստամբուլում, հատկապես առավոտյան ժամերին, խոնավությունը կարող է հասնել 80 տոկոսի։ Խոնավության պատճառով, Ստամբուլում հաճախակի մառախուղ է՝ հատկապես քաղաքի հյուսիսային (Սարըյեր) և կենտրոնից հեռու գտնվող հատվածներում։ Թանձր մառախուղը խանգարում է քաղաքի տրանսպորտային երթևեկությանը, այդ թվում նաև Բոսֆորով նավային երթևեկությանը։ Թանձր մառախուղը ավելի բնորոշ է աշնան և ձմռան ամիսներին, երբ առավոտյան ժամերին խոնավությունը կարող է հասնել առավելագույնի։ Ամռան ամիսներին խոնավությունը և մառախուղը սովորաբար վերանում են կեսօրին, սակայն խոնավությունը ամռան շոգը ուժգնացնում է։ Ամռան ամիսների ընթացքում, բարձր ջերմաստիճանը միջինում հասնում է 29 °C (84 °F), իսկ հորդառատ անձրևները հազվադեպ են լինում։ Հունիսից օգոստոս ամիսներին միայն մոտ 15 օր է, որ Ստամբուլում փոփոխական եղանակ է լինում։ Ստամբուլում ամպրոպները ամենաշատը գրանցվում են հենց ամռան ամիսներին։
Ստամբուլում ձմռանն ավելի ցուրտ է, քան Միջերկրական ավազանի մյուս քաղաքներում։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը միջինում կազմում է 1–4 °C (34–39 °F)։ Լճի ձյան էֆեկտը, որը հիմնական տարածված Սևծովյան շրջանում, բավականին տարածված է երևույթ է։ Սակայն լճի ձյան էֆեկտը բավականին դժվար է կանխատեսել, բացի այդ այն կարող է կործանարար լինել քաղաքի ենթակառուցվածքների համար։ Գարունը և ամառը մեղմ են, սակայն հաճախ խոնավ և անկանխատեսելի։ Հյուսիս-արևմուտքից փչող ցուրտ քամիները և հարավից փչող տաք օդային հոսանքները կարող են ջերմաստիճանի տատանումների պատճառ հանդիսանալ։ Ընդհանուր առմամբ, Ստամբուլում տարվա մեջ մոտ 130 օր քամոտ է։ Քամու ուժգնությունը վայրկյանում հասնում է մինչև 810 մմ։ Ջերմաստիճանի առավելագույն և նվազագույն ցուցանիշները գրանցվել են քաղաքի կենտրոնում՝ Մարմարա ծովի ափին 40.5 °C (105 °F) և −16.1 °C (3 °F)։ Մեկ օրվա ընթացքում տեղումների ամենամեծ ծավալը եղել է 227 մմ, իսկ ձնածածկույթի առավելագույն բարձրությունը եղել է 80 սմ։
No comments:
Post a Comment