Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։
Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։
Կոստանդնուպոլսի հայկական գաղութի բնակչության մեջ մեծ էր առևտրականների և արհեստավորների դերը։ Քաղաքի աշխարհագրական հարմար դիրքը մեծապես նպաստում էր առևտրի զարգացմանը։ Հայ վաճառականներն ունեին խանութներ, իջևանատներ, պահեստներ։ Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, արծաթագործությունը, պղնձագործությունը, կաշեգործությունը, հյուսնությունը և այլն։ Տակավին 1567թ. այնտեղ հիմնվեց առաջին տպարանը։ Այնուհետև հիմնադրվեցին նորերը։
No comments:
Post a Comment