Thursday, 21 November 2019

Սահմանադրական դատարան

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Դատական համակարգը միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված պետության բոլոր դատարանների ամբողջությունն է: ՀՀ դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու ենթահամակարգերի: Դրանցից առաջինը Սահմանադրական դատարանն է: Մյուսի մեջ մտնում են ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է: 


Սահմանադրական դատարան

 
Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն`  իրավունքի  միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): ՍԴ-ն համակարգում է 1997թ-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության աշխատանքները: 2000թ-ին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր,  ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ:
Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում: Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են:
Սահմանադրական դատարանի մասին նախկին օրենքով նախագահին նշանակում էր Ազգային ժողովը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից: 2015թ-ի փոփոխված օրենքով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։ Այս պահին սահմանադրական դատարանն ունի 8 դատավոր: Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը
2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև
3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը
4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման
5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում
6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը




No comments:

Post a Comment