Tuesday, 4 February 2020

Վահան Տերյան` նամականի

Տերյանի գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նրա նամակները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու արվեստագետի ստեղծագործական աշխարհի առանձնահատկությունները, ներաշխարհը՝ միաժամանակ նաև պատկերացում տալով հեղինակի անհատականության, կյանքի, գործունեության, անգամ հույզերի և ապրումների մասին: Այդ տրամաբանությամբ Վահան Տերյանի նամակներն ընթերցողին գրավում են իրենց անկեղծությամբ, բովանդակային հարստությամբ, գաղափարական և գեղարվեստական ընդհանրացումներով:
 





Ա. Միսկարյանին
                      1911,26 ապրիլի,Մոսկվա

   Սիրելի Անտենկա


Տարօրինակ զգացում  համակեց ինձ ,երբ կարդացի ձեր վերջին նամակը:

  Դա անքուն անցկացրած  գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից  եկած
հայկական թատերախումբն էր,և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց:
           Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով ,որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո,պառկեցինք մի քիչ հանգստանալու:
     Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու,չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը,շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը... ես անասելի լավ էի զգում ինձ.... Չկարծեք,թե քնած էի.....
   Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն,որը,սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար,որ ձեզ չվիրավորեմ:Թեև ինձ թվում է,դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
     Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս,ինչպես և ես  ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք,գոնե երկրորդը,ինչ վերաբերվում է առաջինին,նույնպես հույսս չեմ կորցնում:
    Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:Ե՞րբ կգաք:(Ըստ հնարավորին ստույգ):
    Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնան ուզում եմ(ավելի շուտ աշնան կողմ) լույս նծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը,որը, իհարկե, կուղարկեմ ձեզ( որպեսզի այն չկարդաք ,դե գոնե կնայեք):
          Դե, առայժմ:
                     Համբուրում եմ*  ձեզ պինդ:  
     
                                                                Վահան Տերյան

    Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս: Ինչ-որ խելահեղություն  է համակել ինձ....
    Լավ  կանեք ,եթե այս նամակը ոչնչացնեք,բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք: Լա՞վ:
     Բարևեցեք Մարթային և ձերոնց:

Անտենկա... (Անթառամ Միսկարյանին): 



Մարթա Միսկարյանին
1910,30 հուլիսի


Ձեզ ո՞վ ասաց,Մարթա ,որ ինձ համար հետաքրքիր չէ Ձեզնից նամակ ստանալը,կամ որ Դուք կարող եք ձանձրացնել ինձ: Աներեսության մասին առավել ևս չի կարող խոսք լինել,չէ՞
 որ առաջինը ես եմ գրել Ձեզ, ,կամ,համենայն դեպս,որքան հիշում եմ,Դուք վերջինը չպատասխանեցիք իմ նամակին,որից ես, ի դեպ ասած, շատ դժգոհ էի:
       Ձեր բացիկն իրոք հաջողներից չէր,բայց, չնայած դրան, շատ ուրախացրեց Տերյանին,որի համար այնպե՜ս տաղտկալի է,նա այնպե՜ս միայնակ է ու տրտում,իսկ գլխավորապես նրա համար ,որ նա ձեզ բոլորիդ,ձեր ընտանիքի բոլոր անդամներին (որոնց գեթ մի քիչ կարողացավ ճանաչել) առանձնահատուկ համակրանքով է վերաբերվում:  Գուցե Տերյանը դրա համար հիմք չունի ,գուցե  դա նրա կողմից նախապաշարմունք է,կամ թեթևամտություն,բայց և այնպես  դա այդպես է: Իսկապես ,Մարթա,Դուք պետք է այդ բացիկը ավելի շուտ գրեիք: Ախր մտածեցեք,որքա՞ն հաճելի է այդ գիտակցությունը,թե ուր-որ հեռու՜-հեռու ,գուցե մի սքանչելի երկրում կան սիրելի մարդիկ,որոնք հիշել են քեզ,խավար,աղոտ,գռեհիկ,խուլ անկյունում ընկած միայնակիդ,որոնք քեզ իսպառ չեն մոռացել:
    Շնորհակալ եմ ձեր բարի հիշողության  և ուշադրության համար:
Ապրում եմ գյուղում,բայց վերջին երկու շաբաթ անընդմեջ ՝ քաղաքում: Որպեսզի պատկերացնեք ,թե ինչ  քաղաք է ,կնշեմ երկու բնորոշ բան:Նախ և առաջ այստեղ այնքան ձանձրալի է,որ մարդիկ  գնում են լսելու գավառական  բժշկի դասախոսությունը «խոլերայի մասին»:Եվ ես էլ այդ մեղքն ունեմ....բայց պատկերացրեք այս խուլ վայրում մրոտած ու բորբոսնած գավառական բժշկին դասախոսություն կարդալիս ....դա ծիծաղից մեռնելու բան էր,,,,այստեղ կա ևս մի  հիշարժան բան: Դա երջանիկ մարդ է: Դուք երևի գիտեք այն հիվանդ թագավորի  հեքիաթը,որին իմաստունները խորհուրդ էին տվել երջանիկ մարդու շապիկ հագնել:Երբ թագավորի բանբերները  գտնում են երջանիկ մարդուն ,պարզվում է,որ նա շապիկ չունի:Խե՜ղճ թագավոր :Եթե նա ողջ լիներ ,ես նրան ցույց կտայի  մի երջանիկ մարդու,որը,ընդսմին ,նաև շապիկ ունի)) Դա տեղիս նոտարն է,որը ինքն է ամենուրեք  և ամենքին հայտարարում,թե ինքը երջանիկ է:Այ թե խո՜զն է,տեր քեզ մեղա....))
   Իհարկե ,ամբողջ հոգով ձգտում եմ Մոսկվա...Քիչ եմ պարապում կամ, ավելի ճիշտ, չեմ պարապում: Հիմա թարգմանում եմ Օսկար Ուայլդի «Սալոմեն» ,բայց դա « հոգու համար է»:
Դուք ի՞նչ եք անում: Ինչպե՞ս եք զգում Ձեզ: Ինչպե՞ս է Անետկայի առողջությունը: Զբաղվո՞ւմ եք որևէ բանով,թե՞ զբոսնում և կազդուրվում եք:
              Եթե գրեք ,ուրախ կլինեմ:
              Ողջույն Անտենկային և ձերոնց: 
                                                                            Վահան Տերյան 


Մարթա Միսկարյանին  

Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
 Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜:
 … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ Աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»: 



Ա. Միսկարյանին
                                                  1917,7 հունվարի


    Ձեր սիրելի նկարն ստացա և սրտանց շնորհակալ եմ ձեզնից:Անտենկա,դրա համար և ձեզ մոտ գալու հրավերի համար,սակայն հազիվ թե կարողանամ հրավերից օգտվել և դրա համար շատ պատճառներ  ունեմ: Մի ժամանակ շատ էի ուզում գալ,բայց վերջին անգամ ձեզ և Մարթայի հետ տեսնվելուց հետո տրամադրությունս 
միանգամից մի տեսակ ընկավ,և ես ինձ շատ և շատ անհարմար զգացի: Ինչի՞ն  պետք է վերագրել դա,արդյոք իմ զգայնությա՞նը,թե այլ հանգամանքների,բայց փաստը մնում է փաստ ,և ինձ թվում է ,որ նման որևէ բանի կրկնությունը ինձ համար կլիներ չափազանց  տհաճ, շատ ծանր:Ես մի րոպե իսկ չեմ կասկածում ,որ ձեր տանը կգտեի սրտաբացություն և հյուրընկալություն,բայց ինձ թվում է ,որ իմ բնավորությամբ այդքանը բավական չէր լինի,իսկ ձեզնից ավելին պահանջելու իրավունք չունեմ: Արդյոք ե՞ս  եմ տարօրինակ ,թե՞  դուք(և դուք,և Մարթան),բայց մեր վերջին տեսակցությունից հետո համոզվեցի ,որ համատեղ կյանքը կարող էր անցանկալի անախորժությունների տեղիք տալ:Իսկ ես կուզենայի դրանից խուսափել: Դա գլխավոր պատճառն է:Մնացածն էական չէ և կարևոր չէ: Իսկ ձանձրանալը՝ ես իսկապես ձանձրանում եմ,թեև կարող եմ լինել  և ոչ մենակ:Այստեղ բանը միայնությունը չէ: Դա երկար ու բարդ պատմություն է,որը ոչ մի ընդհանուր բան չունի « Սուսաննա-սիրո» (որի մասին ակնարկում եք նամակում) և այլնի հետ:Այստեղ ոչ մի Սուսաննա չի օգնի և ոչ ոք,գուցե,օգուտ չբերի:Ինձ հետ ինչ-որ վատ բան է կատարվում,Անտենկա,և երբեք այսքան վատ չեմ եղել: Դե ,այդ մասին չարժե: Ողջույն ձերոնց բոլորին: Հատկապես ձեր հիանալի հայրիկին: Եթե ցանկություն կունենաք ,գրեցեք:Ամենայն բարիք:
                                                                        Վահան Տերյան



Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին



   Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը,բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ:Серьезно,да.  Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ  քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն  շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ :
Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետևԴուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու,իսկ Դուք չկայիք և հեռու էիք......
                      
Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ......

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,

Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում .....

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,

Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու.....

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ

Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ....... 






No comments:

Post a Comment