ԼՌՈՒԹՅՈՒՆ
_Պարոն Օձավա երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:
Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ իրեն ոչ բնորոշ հայացքում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո մարեցին ու դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցս հենց իր՝ Օձավայի բոքսի մասին պատմությունից էր ծագել, ինչով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Եռեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, ով կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչն էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք սուրճ էինք խմում օդանավակայանի ռեստորանում ու պատրաստվում էինք թռչել Նիիգատու: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը ծածկված էր մութ ամպերով, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, թույլ չտալով հոգնած ուղևորներին մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
Մենք սուրճ էինք խմում օդանավակայանի ռեստորանում ու պատրաստվում էինք թռչել Նիիգատու: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը ծածկված էր մութ ամպերով, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, թույլ չտալով հոգնած ուղևորներին մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին ես ոչ մի անգամ որևէ մեկին չեմ խփել: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Այնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Բայց ճիշտն ասած, մի անգամ այնուամենայնիվ մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի զբաղվում բոքսով: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց այն ժամանակ ես դեռ չգիտեի՝ որն է բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում … Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Այդ չարաբաստիկ պահին այնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձանից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում է զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ ցանկացած պահի կարող է թողնել՝ երբ հոգնի: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ այնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու այդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: <<Միայնություն>> ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց այնպե չի տրվում: Սա այն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի ազգանունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու այդպիսի հակակրանք նա իր կյանքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ եք կարծում այդպես լինու՞մ է,_ հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքը ինձ նման բան հրամցրեց: Առանց պատճառի: Դժբախտությունը նրանում է, որ հակառակ կողմը սովորաբար կիսում է քո զգացումները:
Աոկին օրինակելի էր համարվում գրեթե բոլոր առարկաներից: Մենք սովորում էինք տղաների դպրոցում, ուր նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների՝ սիրելին: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն դրոշմված լիներ: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ ի նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում դա: Ես բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ բխում էր նրանից: Այդպես չես տանում ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով՝ նրա մասին ասում էին. <<Ի՜նչ զիլ տիպ է…>> Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ ընկած էի: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, այնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Այդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել, որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ բոլորին հիացնում էր: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն ես մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Ի՞նչ անենք, թե նրա մոտ ամեն ինչ հալած յուղած է ստացվում, ախր ոչինչ իրենը չէ: Ոտքից գլուխ կեղծ է, բավարարվում է նրանով, ինչն ընդունված է: Միայն աչքներին <<թոզ փչի>>. բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին գլխի էր ընկնում իմ վերաբերմունքի մասին` նա հաշվենկատ էր և ընդգծված զզվանք էր տածում իմ հանդեպ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց այդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է, ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ես ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Այդ ժամանակ ինչ-որ բան էի շատ ուզում ունենալ, հիմա չեմ էլ հիշում, թե ինչ էր՝ ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից լավագույն գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ամեն ազատ րոպե օգտագործում էի բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` այնքան էի թերթել: Այնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ առավելագույնին մոտ գնահատական ստացա: Ինձ դա շատ բնական թվաց` այդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ֨ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աաոկին կարմրեց, հասկացավ, որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Այդ մասին ընկերներս ասացին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. <<Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար>>: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտի ուղղությամբ հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտե՝ թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Այնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճառագեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, միայն ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: <<Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է>>: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի և թողնելով գետնին նստած՝ հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես մի ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:
_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ամեն ինչ մեկ էր դարձել ինձ համար: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում էի մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Այնքան էի ուրախացել, որ այլևս ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարում հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու <<Բոինգ 737>>ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց այնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Բան չունեմ ասելու, դեռ տասնյոթը չլրացած բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպես է: Ինչևէ, մենք ջանում էինք հայացքներով իրար չհանդիպել: Դե, ինչպիսին պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիների համար: Ես տարին վատ չամփոփեցի: Այնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, գնահատականներս բավարարում էին ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն: Դրա համար էլ ես ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, այնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես <<տրամպլին՝ բուհ ընդունվելու համար>>: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Այդ տարիներին, ինձ այդպես էլ չհաջողվեց դասարանցիներիցս մեկի հետ մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորը ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և այնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում, ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել նրանցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Ամռան արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո ազգանունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինենիք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու էդ ամենն էր, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, ու թաղումը համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին այդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է, կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչու՞ մեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Ավարտվեցին արձակուրդները, դասերը սկսեցին ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում է հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է տուն եկել կապտուկներով: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն չի ասել նրա անունը, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու դա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը կարելի է միանգամից հերքել: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ դա սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ որ ոչ մի ապացույց չկար, միայն ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: <<Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա>>: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ <<կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ>>: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Այդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի այնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում է, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չեմ առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում եմ այդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ <<տեղն է քեզ>> ու մի տեսակ հոգիս փառավորվում է: Հետո այդ զգացումը սկսում է հօդս ցնդել, բայց սկսում է , նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել այդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Բոլորովին չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ այդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք այդպես վարվեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում այդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…Եթե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշեմ, թե չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օր ու մտածում էի` <<Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…>>: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա այդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարսերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ այն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Այդ ժամանակ տեսքս երևի սարսափելի էր, անընդհատ ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` <<Հ՞ը, ո՞նց է>> Ես հո գիտեի, որ այս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ այնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց այդ լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Ես մտածում էի. <<Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ այդպիսի արարքով: Կարող են հրճվել ուզածին հասնելով… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի այն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես չունեն այդ խորությունը>>: Չգիտեմ ես այն ունեմ, թե ոչ, բայց հարցը այդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Այս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա արդեն ինձ համար գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա հստակ զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց նրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Այդպիսիսն էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր՝ բանն ինչում է:
Այդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա պարապմունքներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու այդպես դիմացա հինգ ամիս, այդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվում: Ամեն օր դպրոց էի գնում գլուխս բարձր ու այդպես էլ վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն այն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Այդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք իհարկե դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին, և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես, երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց այնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ այդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա ավարտվեց կես տարուց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ այս անգամ կդիմանա՞մ արդյոք: Միայն մտածելուց արդեն սարսափում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Այնքան էլ հազվադեպ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Այդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Ոչ մի խորամանկություն պետք չէ, ես նրանց միանգամից եմ ճանաչում: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Այդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալվել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

No comments:
Post a Comment