Monday, 25 February 2019

Անի մայրաքաղաք

Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։
Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարականիշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։
Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմիցՀայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։
Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշենպարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը]։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը(Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։
Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնում հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվեց Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնեց Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։
2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։
Մեծ Հայքի թագավորության արևմուտքում գտնվում էր Բարձր Հայք նահանգ-աշխարհը։ Այն իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։ Նրա ամրոցներից առավել հայտնի էր «Անի-Կամախ» բերդաքաղաքը, որը գտնվում էր Դարանաղի գավառում։ Այստեղ կառուցվել է գլխավոր աստծու՝ Արամազդի տաճարը։ Անի քաղաքի անվանումը գալիս է այս ամրոցից։ Անիի անվանումը կապվում է նաև հայկական դիցարանի գլխավոր՝ մայրության ու պտղաբերության աստվածուհի Անահիտի հետ։
Անի էր կոչվում նաև հայկական հեթանոսական տոմարի ամիսների յուրաքանչյուր 12-րդ օրը, որը նույնպես կախված էր Անի-Կամախ բերդաքաղաքի հետ։ Ուսումնասիրողները չեն պարզել, թե ինչու է Անին կոչվել Խնամք, և ինչ է նշանակում այս բառը, որ հաստատապես խնամել բառը չէ, ինչպես հավաստում է հայագետ Հայնրիխ Հյուբշմանը։
Հնագույն ժամանակևերից Անիի տեղում եղել է բնակավայր, մերձակայքում կա դամբարանադաշտ, որը թվագրվում է ուրարտական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 8-7-րդ դարեր)։ Հայ մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ իբրև անմատույց ամրոց։ Դրա մասին տեղեկություններ են հաղորդում Ավարայրի ճակատամարտի մասկակից Եղիշեն ու Ղազար Փարպեցին։
Մեծ Հայքը Արշակունիների շրջանում
Բերդը պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում, ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում, ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թորոս Թորամանյանի կարծիքով, դեռևս 4-5-րդ դարերում գոյություն է ունեցել ամրոց։ 9-րդ դարի սկզբին Հայաստանի կառավարիչ, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները, Անիի ամրոցի հետ, միացրել իր կալվածքներին։ Բագրատունիների տիրույթների մեջ են մտնում նաև Կումայրին (Գյումրի), Կարուց Բերդը (Կարս) և այլ ամրոցներ։
Կամսարականների շինարարական գործունեության արգասիք է Անիի միջնաբերդի՝ որձաքարով շարված պարիսպը։ Քարերն ունեն ծիծեռնակապոչ գամերի համար արված փորվածքներ։ Այդ շրջանին է վերագրվում նաև միջնաբերդի թաղակապ, միանավ, այսպես կոչված՝ պալատական եկեղեցին (7-րդ դար). որի որմնասյուներին պատկերված են 4 ավետարանիչների (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես) խորհրդանիշ բարձրաքանդակները, ինչպես նաև Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու տեսարանը։ Եկեղեցու մուտքի բարավորին պատկերված է երկու հեծյալների բարձրաքանդակը։ 8-րդ դարում հյուսիսային պատին կից կառուցվել է զվարթնոցատիպ որմնասյուներով կրկնահարկ տապանատուն-մատուռ, որի ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։
5-րդ դարում Անիի ամրոցի հոգևոր կենտրոնը հանդիսացող Տեկորի տաճարի դպրոցում ուսուցիչ է եղել գիտնական և մանկավարժ Թաթուլ ճգնավորը, որից մեզ են հասել իր խրատներն աշակերտին։ 7-րդ դարում ուսուցիչ է եղել տիեզերագետ ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացին (կոչվել է նաև «Անեցի»)։
9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատիոնիները։
Բագրատունիների թագավորություն
Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններիցու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։
885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։
Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։
Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոնհատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։
Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները և այլն։
Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։
992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։
992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։
Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունուառաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։
1043-44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ 


Աղբյուրներ՝ 1 2 3 

No comments:

Post a Comment