Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
Օրենսդրական գործընթացի փուլերը
Օրենքներն ընդունելու բացառիկ իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը (Ազգային ժողովին), որն օժտված է գերակայությամբ։ Օրենսդրական գործընթացն ունի 3 փուլ՝
- Օրենսդրական նախաձեռնության փուլ
- Օրինագծի քննարկման և ընդունման փուլ
- Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ
Օրենսդրական նախաձեռնության փուլ
Օրենքների նախագծերը կարող են առաջադրվել կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Եթե օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է պատգամավորին, ապա նախագիծը ներկայացվում է ԱԺ նախագահին։ Երկու օրվա ընթացքում խորհրդարանի նախագահն այն ուղարկում է կառավարություն և ԱԺ-ի բոլոր հանձնաժողովներին՝ նշելով գլխադասային հանձնաժողովը( այն հանձնաժողովն է, որը պատասխանատու է տվյալ նախագծում հանդես եկած հարցերի համար)։ 30 օրվա ընթացքում կառավարությունը և գլխադասային հանձնաժողովը եզրակացություն են տալիս նախագծի վերաբերյալ։ Եթե տվյալ նախագծի ընդունումը որևէ կերպ կարող է ազդել բյուջեի վրա, ապա կառավարության եզրակացությունը պարտադիր է։ Նախագծի մասին եզրակացությունները ստանալուց հետո ԱԺ նախագահը նախագիծն ու դրա մասին եզրակացությունները ներկայացնում է ԱԺ հերթական եռօրյա նիստին։ Քվեարկությունից հետո նախագիծը ձայների մեծամասնություն հավաքելով ընդգրկվում է նստաշրջանի օրակարգում։
Օրինագծի քննարկման և ընդունման փուլ
Նախագիծը առնվազն երկու ընթերցմամբ քննարկվում է ԱԺ նիստում։ Առաջին ընթերցման ժամանակ զեկուցողը ներկայացնում է օրենքի նախագիծը։ Օրենքի ընդունման փուլում օրինագիծն ամբողջությամբ դրվում է քվեարկության։ Օրինագիծն ընդունվում է, երբ նիստին ներկա են պատգամավորների կեսից ավելին ու մեծամասնությունը կողմ է քվեարկում։
No comments:
Post a Comment