Tuesday, 26 November 2019

Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը

Նոյեմբերի 25-29
  • Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը:/103-106/
  • Հայ կամավորական շարժումը:/էջ107-111/
  • Վերհանե′ք կամավորական շարժման նշանակությունը:/գրավոր/
Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից, կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։ Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Սկզբնապես 1914թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Ընդհանուր առմամբ այս ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի։  1915թ. ապրիլին, Ազգային բյուրոյի որոշմամբ, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին։ Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը։ Նրա հրամանատար է դառնում Վարդանը։ Հայ կամավորական ջոկատները կռվում էին խիզախությամբ։ Նրանցից առավել աչքի ընկավ առաջին ջոկատը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկի հրամանատարությամբ։ 1915-1916թթ. հայ կամավորները ռուսական բանակի կազմում մասնակցում են Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրմանը։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը բազմիցս դրվատել է հայ կամավորներին։ Առանձնահատուկ ընդգծվում էին նրանց քաջությունն ու հերոսությունը։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մոտ 800 կամավորականներ։ 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Ցարական իշխանությունը, երկյուղելով, որ հայ կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, վճռում է դրանք ցրել։ 1916թ. ամռանը այդ ջոկատներից կազմվում են վեց հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։ Ռուսական հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ կամավորներից։ Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է ռազմաճակատի տարբեր հատվածներում։

No comments:

Post a Comment