Monday, 9 March 2020

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: 
Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը։
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում Էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը  Ազգերի լիգայիմիջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով: 
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը նախագահ Վ. Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, աոևտրային ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ նախագահն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հզ. կմ2: Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հզ. կմ2  տարածք դեպի սև ծով:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: 

No comments:

Post a Comment