<<Խոսե՞նք>>
Լուսանկարը` Դավիթ Ստեփանյանի
11-րդ տարին լրացավ, ինչ սովորում եմ կրթահամալիրում: Այս 11 տարին ինձ շատ բան տվեց: Դպրոցս որոշ չափով խթանեց ինքնուրույն դառնալուս հանգամանքը: Կարծիք շեշտել և պնդումներս առաջ տանել սովորեցի: Չեմ մտածում կոնկրետ «շրջանակների» մեջ, որովհետև ես սահմանափակված չեմ: Ես կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, քանի որ այդ է սովորեցրել ինձ իրավագիտությանս ուսուցչուհին: Ես մաքուր եմ պահում շրջակա միջավայրս: Ամիսը մեկ-երկու անգամ մեկնում եմ Հայաստանի տարբեր քաղաքներ, մարզեր` շրջակա միջավայրը մաքրելու, մեկնում ենք գիշերակացով, օրակարգը բաժանում ենք մի քանի փուլերի, առաջնահերթ կատարում ենք այն հանձնարարությունը, որի համար մեկնել էինք, որից հետո անցկացվում են ուսումնական հավաքներ կամ էլ ուղղակի ճանաչում ենք միմյանց: Ես չեմ ամաչում նկատողություն անել այն մարդուն, ով գետնին է գցում իր ծխախոտը, անձերռոցիկի կամ էլ տոպրակը: Ես համառ պայքարում եմ ազատության, ազատ մտքի և արդարության համար: Եվ կանգ չեմ առնում մինչև չնվաճեմ այն, ինչին այդքան ձգտել եմ:
Իմ մտահորիզոնը տարբերվում է, աշխարհհայացս լրիվ ուրիշ է, քանի որ Սեբաստացի եմ, ԻՐԱԿԱՆ Սեբաստացի: Խիստ չդատե'ք, չասեք` անիմաստ գովում է, փառաբանում դպրոցը, ինքնահավան է... սա իմ կարծիքն է. համենայն դեպս ես էսպես եմ կարծում:
Որոշ մարդկային արժեքներ ձեռք եմ բերել հենց դպրոցում կազմակերպված ճամփորդությունների միջոցով: Միգուցե ձեզ տարօրինակ թվա, բայց այսքան ժամանակ չի եղել այնպիսի ճամփորդություն, որից դաս քաղած չլինեմ, որից մի բան սովորած տուն չվերադառնամ, սկսած էն ամենաչնչին հումորից վերջացրած ինչ-որ կարևոր տեղեկությունից:
Մենք պահպանում ենք մերը` մեր Հայկական մշակույթը: Բոլոր ծեսերը, որոնք գրեթե մոռացված են, մենք ամեն տարի` բավականին լուրջ պատրաստված,տոնում ենք:
Ազգագրականը հոսում է դպրոցումս, ամեն առավոտ ազգագրական պարեր, երգեր են հնչում: Մենք մեր ազգագրականով ամենուրեք ենք` սկսած Կասկադից, վերջացրած Գյումրուց: Չէ', չկարծեք, թե ժամանակակից չենք, ճիշտ ընդհակառակը, մենք պահպանում ենք ոսկեմիջինը, այսինքն` մենք և' ժամանակակից ենք, և' ավանդական:
Դասերի օգնությամբ, որոշ ոլորտներում` սկսած լուսանկարչությունից վերջացրած` մոդելավորմամբ, ունեմ որոշ գիտելիք,իհարկե, մակերեսորեն, բայց ուսումնասիրել եմ որոշ ոլորտներ, որովհետև ես հնարավորություն ունեմ, և ճիշտ եմ համարում` ամեն ինչից, թեկուզ մի քիչ-մի քիչ կլանել իմ մեջ:
Պետք է նաև խոսեմ այն մասին, որ այս տարիների ընթացքում նկատել եմ, որոշ թերություններ: Նախ, սկզբում ուզում եմ խոսել բլոգավարության մասին: Ինչպես գիտենք, մեր ուսումնական բլոգները մեր դասերի, մեր ձեռքբերումների, մտքերի փոքրիկ դարակններն են: Էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող եք գտնել ամեն ինչ` դպրոցի դասեր, հոբբիներ, ինքնակենսագրական փոքրիկ պատուհան, ճամփորդապատումներ, օրվա նկարագրություն` մի խոսքով ամեն ինչ: Այսինքն` էստեղ մենք կարող ենք իրար ճանաչել նույնիսկ մի փոքրիկ գրառմամբ: Սակայն, երբեմն ականատես եմ լինում, բավականին անփույթ գրված գրառումների, պատումների: Էստեղից հարց է առաջանում. արդյոք ուսոցիչը կամ ուսուցչուհին ստուգե՞լ է տվյալ գրառումը, շտկել, բացատրել սխալները և այլն:
Գրեթե, 7-րդ դասարանից լսում եմ մի արտահայտություն, մեջբերում եմ. «Գնահատականի համար չեն սովորում»: Այո', ճիշտ եք, ես գնահատականի համար չեմ սովորում, բնա'վ, սակայն ըստ` հոգեբանության` մարդիկ, միշտ ձգտում են կատարելագործության, հարցնում են ուրիշների կարծիքը, ցանկանում են գնահատել իրենց աշխատանքը, թեկուզ և 10 բալանի համակարգով: Ըստ գնահատականի` նրանք ձգտում են ավելիին: Վերամշակում են թերությունները և այլն: Դպրոցում երբ գնահատում եք 6 կամ 7, Հարգելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ պարզաբանեք, թե ինչու եք այդպես գնահատել, որն էր ստույգ պատճառը այդպես գնահատելու: Երբ աշակերտին ցածր են գնահատում, այսինքն` չեն գնահատում այնպես, ինչպես, որ նա է արժանի, աշակերտի մեջ կոտրվում է սովորելու ցանկությունը, ձգտումը` ավելիին: Անձնական փորձից օրինակ. «իրավագիտություն» առարկան չէի սիրում, չնայած ապագա մասնագիտությանս հիմքն է: Դասերը ցանկություն չունեի կատարելու, միևնույն է, ինչ էլ անեի, ստանալու էի հերթական 5-ը, առավելագույն դեպքում` 6-ը: Կրկնում եմ, գնահատականի համար չեմ սովորում, սակայն աշխատանքս ճիշտ չգնահատելը օտարեցնում էր ինձ այդ առարկայից: Չնայած նրան, որ ըստ պատշաճի կատարում էի բոլոր առաջադրանքները, որոշեցի ուշադրություն չդարձնել գնահատականիս: Ուսուցիչս փոխվեց, ես շարունակում էի նույն տեմպերով, մի քանի ամիս անց, գնահատականներս արդեն բարձրացել էին, սակայն, շեշտում եմ, ես նույն տեմպերով աշխատել եմ, ոչինչ չէր փոխվել: Գնահատականս բարձրանալուն պես սկսեցի ավելի ակտիվ լինել դասերին, ներառվել դասապրոցեսի մեջ, հետազոտական աշխատանքներ իրականացնել, գնահատականս ավելի բարձրացավ: Եթե առաջ չէի սիրում.«իրավագիտություն » առարկան, հիմա, հավաստիացնում եմ` սիրելի առականերիցս մեկն է:
Ես չեմ պնդում գնահատականս բարձրացնել, բնա'վ, ես ցանկանում եմ արդար գնահատում: Եթե Ձեզ համար մեկ է գնահատականը և ինչպես Դուք եք ասում. «Գնահատականի համար չեն սովորում », ապա ինչո՞ւ ենք պահպանում մեր էլեկտրոնային մատյանները, ինչո՞ւ ենք ամսեկան գնահատականներ ստանում: Այդ դեպքում եկեք արմատախիլ անենք գնահատման համակարգը: Չէ՞ որ մենք Սեբաստացի ենք, տարբերվող ենք...
Արտասահմանյան գրականություն ենք ուսումնասիրում, եթե մենք մեր գրականությունը ըստ պատշաճի չենք ուսումնասիրում, չենք տարածում, ապա ինչպես կարող է այլ ազգի ներկայացուցիչը խոսի մեր գրականությունից: Իհարկե, դա շատ ուրախալի փաստ է, որ արտասահմանյան գրականություն ենք ուսումնասիրում, բայց ինչո՞ւ չենք կարող համատեղել այդ երկուսը միասին. կարդանք, ուսումնասիրենք և' հայ, և' արտասահմանյան գրականություն:
Պատմություն ենք սովորում, ամեն դասին բանավիճում ենք, պատմական ֆիլմեր դիտում, ռոբոտացված դաս չենք պատմում: Գովելի է... Սակայն` 7-րդ դասարանից հիասթափված եմ այդ առարկայից: Դիմում եմ ուսուցչիս.
«Ասացե՛ք, խնդրում եմ, իմ բլոգը Դուք ստուգե՞լ եք, իմ անձնական գիտելիքները, ստուգե՞լ եք, արե՞լ եք արդյոք այնպես, որպեսզի ինքնըստինքյան ներառվեմ դասի մեջ: Եթե Դուք դժվարանում եք պատասխանել, ես ինքս կպատասխանեմ»:
Բլոգիս հղումը` բոլոր հնարավորին տարբերակներով, ուղարկել եմ Ձեզ, կատարել եմ բոլոր առաջադրանքները (վերլուծել): Սակայն Ձեզնից չստացա ոչ մի ստույգ պատասխան, կամ շտկում, արդյոք ես այդքա՞ն «անթերի» եմ գրում, եթե այո', ապա ինչո՞ւ անկեղծ չեք: Դուք չեք ներառել ինձ դասի մեջ, ես ինքս Ձեզնից էդպիսի վերաբերմունք չեմ ստացել: Ինչո՞ւ նորից չեք սերմանում այն սերը, որը ունեցել եմ «Պատմություն» առարկայի հանդեպ, դա անհնար չէ, ես ունեմ իրավագիտության ուսուցչուհի, ով վերականգնեց, ով կրկին սերմանեց սերս դեպի «Իրավագիտություն» առարկան:
Չնայած այս ամենին` ես սիրում եմ իմ դպրոցը, քանի որ դպրոցս կրթել է ազատամիտ, կամքի ուժով, նպատակասլաց մարդկանց: Ստեղծել է նախանձելի սերունդ: Կրթել մարդկանց, ովքեր պատրաստ են` օգնելու, հասկանալու և Ձեզ էլ` «Սեբաստացի» ընտանիք ընդունելու...
No comments:
Post a Comment