Friday, 23 October 2020

Արցախա-ադրբեանական պատերազմ (1991-1994)




<<
Արցախա-ադրբեանական պատերազմ (1991-1994)>> 


Լեռնային Ղարաբաղի հայերի ազգային-ազատագրական պայքարի ժամանակակից փուլի հենց ամենասկզբից Ադրբեջանը ապավինեց խնդրի լուծման ուժային տարբերակին՝ հրաժարվելով քաղաքական երկխոսությունից: Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական քաղաքականության առաջին դրսևորումներից մեկը դարձավ Սումգայիթում 1988 թ. փետրվարին հայերի կոտորածը, որին հետևեց հայկական ջարդերի ալիքը Ադրբեջանի տարբեր քաղաքներում: Միաժամանակ, 1989 թվականից սկսած Ադրբեջանը շրջափակման է ենթարկում Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչություն սանձազերծում նրա բնակչության նկատմամբ. հարձակումներ գյուղերի վրա, տղամարդկանց ձերբակալություններ, անասնագողություն և ցանքատարածությունների ոչնչացում: Սկզբում հայկական գյուղերի վրա հարձակումներն իրականացվում էին գլխավորապես ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից, որոնք սկսեցին կազմավորվել 1989 թ. օգոստոսից: Դրանք զինելու նպատակով հարձակումներ էին ձեռնարկվում Ադրբեջանում տեղակայված Խորհրդային բանակի զորամասերի վրա և զենքեր հափշտակում: 1990 թվականից Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինյալներին միացան Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения), որոնք զինված էին ոչ միայն հրաձգային զենքերով, այլև զրահատեխնիկայով:

Ձգտելով վերջնականապես լուծել ղարաբաղյան խնդիրը ուժային մեթոդներով՝ 1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին ադրբեջանական իշխանությունները ԽՍՀՄ ներքին զորքերի ու Պաշտպանության նախարարության ուժերի աջակցությամբ իրականացրեցին Արցախի սահմանամերձ գյուղերի հայ բնակչության տեղահանման «Օղակ» («Կոլցո») խոշոր ռազմաոստիկանական գործողությունը, որը դարձավ ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ագրեսիայի նախերգանքը:

1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից ու հարակից գյուղերից ադրբեջանական կազմավորումներն առաջին անգամ հրթիռակոծեցին Ստեփանակերտը: Նույն տարվա նոյեմբերից ադրբեջանական ռազմական կազմավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերի հրթիռակոծությունները կանոնավոր ու զանգվածային բնույթ ստացան1:

Ադրբեջանի ռազմականացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման համար ռազմական ուժին նախապատվություն տալուն նպաստեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում էին տեղակայված ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի սպառազինությունների ու ռազմամթերքի առավել խոշոր պահեստները, ինչպես նաև ծանր տեխնիկայի և ավիացիայի հիմնական ներուժը: Օրինակ՝ Ադրբեջանում գտնվում էր 15%-ով ավել ծանր սպառազինություն (տանկ, հետևակի մարտական մեքենա, զրահավոր փոխադրիչ մեքենա, խոշոր տրամաչափի հրետանի), քան Հայաստանում: Ավելի տպավորիչ էր Ադրբեջանի գերազանցությունը ռազմամթերքի պաշարների առումով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պահեստներում առկա էր 11 հազար վագոն ռազմամթերք, մինչդեռ Հայասատանում՝ ընդամենը 500: Միայն Աղդամի շրջանային պահեստը (728 վագոն հրետանային արկ, 245 վագոն ռեակտիվ արկ, 131 վագոն հրաձգային զենքի ռազմամթերք), որն ադրբեջանական զինված կազմավորումները զավթել էին 1992 թ. փետրվարի 23-ին, արդեն իսկ բավարար էր մեկ տարվա ընթացքում ամենօրյա բարձր ինտենսիվության ռազմական գործողություններ վարելու համար:

Օգտագործելով իր տարածքում նման ռազմական ներուժի առկայությունը՝ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ սեփական զինված ուժերի ստեղծմանը: 1991 թ. սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահը հանրապետության Պաշտպանության նախարարության ստեղծման մասին հրամանագիր ստորագրեց: Նախագահական մեկ այլ հրամանագրով սեպտեմբերի 29-ին ստեղծվեց Ազգային պաշտպանության խորհուրդը՝ ութ հոգուց բաղկացած կազմով (որոնցից 3-ը ընդդիմության ներկայացուցիչներ էին): Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում ընդունեց ազգային բանակի ստեղծման մասին՝ դրա համար հատկացնելով երեք ամիս: Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9-ին, Շուշիում ձևավորվեց ադրբեջանական բանակի առաջին գումարտակը, իսկ նոյեմբերի 19-ին ևս մեկ գումարտակ ստեղծվեց Լաչինում (Բերձոր)2: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին մոտ 4 հազար ՕՄՕՆ-ականներ և Ադրբեջանի ժողովրդական ճակատի ևս մի քանի հազար զինյալներ:

Ռազմական շինարարության գործում Ադրբեջանը ստացավ նաև Թուրքիայի աջակցությունը: 1991 թ. հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Բաքու ժամանեց Թուրքիայի Գերագույն շտաբի պետ գեներալ Դողան Գյուրեշը, ով ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի հետ միասին հանդիպեց Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Բարշադլիին:

Բոլոր այս գործոնները Ադրբեջանում իշխանությունների և ընդդիմության (հանձինս Ժողովրդական ճակատի) միջև ձևավորել էին համաձայնություն` հօգուտ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման: Արցախի հանդեպ բազմակի ռազմական գերազանցություն ունենալով՝ ադրբեջանական կողմը հաշվարկում էր արագ հաղթանակի հասնել: Ռազմական գործողությունների ընդլայնումը Լեռնային Ղարաբաղին կանգնեցրել էր պաշտպանության կազմակերպման ու կատարելագործման անհրաժեշտության առջև: Այդ նպատակով հանրապետության ամբողջ տարածքում կամավորական հիմունքներով ինքնապաշտպանական ջոկատներ էին ձևավորվում: Ուժերի կենտրոնացման և նրանց գործողությունների համակարգման նպատակով կազմավորվեց ինքնապաշտպանական ուժերի շտաբը: 1992 թ. սկզբին Արցախում ձևավորվել էր ավելի քան 10 ինքնապաշտպանական ջոկատ, որոնք վերակազմավորվել էին վաշտերի և ընդգրկում էին մոտ 1000 մարդ: Սա դարձավ կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին կարևոր քայլերից մեկը: Հետագայում ԼՂՀ Պաշտպանության բանակի թվաքանակը մի քանի անգամ աճեց:

Փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահությունը որոշում ընդունեց միասնական հրամանատարությամբ զինված կազմավորումների իրավական կարգավիճակի մասին: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Լիակատար շրջափակման և ադրբեջանական դիրքերից ԼՂՀ հայկական բնակավայրերի անդադար գնդակոծությունների պայմաններում ղարաբաղյան զինված ուժերի առջև դրված էր դժվարին խնդիր․ ամենակարճ ժամկետներում՝

  • ճնշել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջ գտնվող ադրբեջանական հենակետերը, որոնցից իրականացվում էր քաղաքի գնդակոծությունը, 
  • բացել Ստեփանակերտը ԼՂՀ շրջկենտրոններին կապող ճանապարհները,
  • վերահսկողության տակ վերցնել Ստեփանակերտի օդանավակայանը,
  • ճեղքել բազմամյա շրջափակումը և ապահովել Հայաստանի հետ հուսալի հաղորդակցություն:

1992 թ. մայիսի 9-ին ղարաբաղյան բանակին հաջողվեց ազատագրել Շուշի քաղաքը, իսկ ևս մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, Բերձորի (Լաչին) շրջանում հաստատել ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միջանցք։

Սակայն շուտով իրադրությունը ճակատում կրկին կտրուկ սրվեց, ինչը պայմանավորված էր 1992 թ. մայիսին նախկին Խորհրդային բանակի մարտական տեխնիկայի և սպառազինությունների բաշխմամբ, որի արդյունքում Ադրբեջանի տրամադրության տակ անցավ 325 տանկ, 344 հետևակի մարտական մեքենա, 78 դեսանտի մարտական մեքենա, 38 մարտական հետախուզական մեքենա, 329 զրահափոխադրիչ ու զրահաքարշակ, 343 հաուբից և ինքնագնաց հրետանային զինատեսակներ, 63 «Գրադ» տեսակի ռեակտիվ կայանք, 52 ականանետ, 35 ՄիԳ կործանիչ, 7 ճակատային ռմբակոծիչ, Սու-25 գրոհային ինքնաթիռ և 52 Լ-29 ուսումնամարտական ինքնաթիռ, 18 ՄԻ-24 հարվածային ուղղաթիռ և 15 ռազմափոխադրիչ ուղղաթիռ, մինչև 100 զենիթահրթիռային համալիր: Մի շարք սպառազինությունների գծով Ադրբեջանը զգալիորեն գերազանցում էր Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Սակայն նշյալ Պայմանագրին դրանք համապատասխանեցնելու միջազգային վերահսկողական մարմինների բազմաթիվ փորձերը հաջողությամբ չպսակվեցին3: 1992 թ. կեսին ադրբեջանական բանակի շարքեր էր զորակոչվել գրեթե 40 000 մարդ: 1992 թ. ամռանը նրանցից մոտ 21 000 զինվոր և սպա գտնվում էին մարտական գործողությունների գոտում: Դրանցից բացի մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցում էին նաև ՕՄՕՆ-ի ջոկատները (մինչև 4000 մարդ) և Ադրբեջանի ժողովրդական ճակատի մարտական ջոկատները (մինչև 7000 մարդ)4:

Տեխնիկայի ու կենդանի ուժի առումով բազմակի առավելություն ստանալով՝ ադրբեջանական բանակը նախկին 4-րդ Խորհրդային բանակի՝ Ադրբեջանում տեղակայված զորամասերի զինծառայողների մասնակցությամբ 1992 թ. հունիսի 12-ին լայնամասշտաբ հարձակում է սկսում, գրավում Շահումյանի շրջանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը: ԼՂՀ տարածքի մոտ 40 % հայտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, շուրջ 66 հազար մարդ դառնում է ներքին տեղահանված անձ: Միայն Մարաղա գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից 100 խաղաղ բնակիչ է սպանվում:

Ագրեսիայի մասշտաբների ընդլայնմամբ պայմանավորված և տարածքների հետագա զավթումը կանխելու նպատակով ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահությունը՝ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 12-ին հրամանագիր ընդունեց հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին: Սկսվեց 18-45 տարեկան տղամարդկանց զորահավաքը: Օգոստոսի 14-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), որին փոխանցվեց գործադիր իշխանությունը՝ ամբողջ ծավալով և օրենսդիր իշխանությունը՝ մասնակիորեն: ՊՊԿ-ն, որը գլխավորեց Ռոբերտ Քոչարյանը, կոչված էր մոբիլիզացնել հանրապետության մարդկային ու նյութական բոլոր ռեսուրսները, ռազմական ժամանակաշրջանի կարգավիճակի բերել ձեռնարկությունները, հաստատություններն ու կազմակերպությունները, հասարակական-քաղաքական ողջ ներուժը:

Ուժերի վերախմբավորումից հետո ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց մինչև 1992 թ. աշունը կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը, իսկ 1993 թ.՝ ռազմաճակատում հասնել բեկման: 1993 թ. գարունից մինչև աշուն ղարաբաղյան բանակը մի շարք ծանր պարտությունների մատնեց Ադրբեջանի բանակին՝ Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի ուղղություններով և կարողացավ ապահովել ԼՂՀ անվտանգ սահմանները:

1993 թ. դեկտեմբերին Ադրբեջանը ճակատում նախաձեռնությունը խլելու հերթական փորձը ձեռնարկեց, որն ավարտվեց ձախողմամբ և հանգեցրեց Ադրբեջանի բանակի ավելի մեծ կորուստների: Հայտնվելով լիակատար ռազմական պարտության ու իշխանությունը կորցնելու շեմին՝ Ադրբեջանի ղեկավարությունը հարկադրված էր 1994 թ. մայիսին գնալ Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հրադադարի կնքմանը:

No comments:

Post a Comment