Thursday, 5 November 2020

Սևացրած ամսաթիվ

 

<<Սևացրած ամսաթիվ...>>


Հոկտեմբերի 27... Այս ամսաթիվը ամրագրվեց և իր գույժով մնաց մեր պատմության էջերին: Աշնանային արևոտ այս առավոտը մշուշով պատեց ողջ ազգս, Հայաստանը, Արցախը և սփյուռքը: Տարակուսած, սարսափած ազգս ապշահար հետևում էր լրահոսին: Եվ ահա, հայտարարվում  է ռազմական դրություն: <<Պատերազմ է>> այս բառերը սթափեցրին բոլորիս, դարձրեցին մի բռունցք: Բռունցք, որը ամրացավ և դարձավ հավաքական մի ամբողջություն: Դաժան, արնախում ոսոխը կրկին անցել է իր գործին, կրկին արյան տենչը մղել է նրան հարձակման: Պատմությունը կրկնվում է: Նպատակն է ոչնչացնել, բնաջնջել մի ողջ ազգ: Անտանելի ուժգնությամբ ռմբակոծվում է Արցախի ողջ տարածքը, հրթիռակոծվում են բնակելի տարածքներ: Զարմանալի չէ` ռմբակոծվեց նաև հպարտ Ղազանչեցոց եկեղեցին: Ձեռագիրը նույնն է...

 Ոտքի է կանգնում հպարտ հայ ազգը, օր ու գիշեր մարտում է նաև սփյուռքը: Պատմությունը կրկնվում է` աշխարհը լուռ է: Հզո'ր, հզոր հայ ժողովուրդը կենաց մահու կռիվ է տալիս մարտի դաշտում: Հրաշքներ են գործում մեր Տղերքը: Ոտքի է նաև <<Սպիտակ բանակը>>... 

 Հույսը հային չի' լքում` հույսն է այն ուժը, որ ստիպում է հային ատամներով, արյան գնով պահպանել մեր հողը: <<Մեր տունն է, մենք պիտի պահպանենք>>,- այս խոսքերը իրենց հոգում կռվում են մեր քաջերը.. 

 Մեծ է ցավը, զոհվում են հերոս տղերքը` թախիծն ու կսկիծը թողնելով մեր սրտերում, իսկ աշխարհը լուռ է..

Կրկին այդ բոթը, այդ դաժանությունը.. Մեր ընկած հերոսների, մեր քաջերի ցուցակը: Հայր մեր ասելուց հետո, դողացող ձեռքերով վերցնում եմ հեռախոսս.. Կարդում եմ, կարդում եմ ու չեմ ընկալում, ասես մի հավերժություն կարդում եմ, նորից վերադառնում եմ սկզբին, անուն առ անուն նորի'ց կարդում եմ... Այս անգամ էլ ընկերներիցս չկան, բայց ախր նրանք բոլորն էլ իմ ընկերներն են, իմ եղբայրները, ովքեր իրենց անավարտ երազանքները թողեցին մարտի դաշտում... Լույս իջնի ձեր հերոս հոգիներին, խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ, ձե'ր մայրերի առաջ... Տղե'րք, դուք զոհվեցիք, որ մենք ապրենք... 

 Մեր Արցախ... Մեր քաջերի արյունով պահված ու փայփայած Արցախ, դու միշտ կանգուն ես լինելու, որովհետև հարուստ ես, շատ հարուստ, որովհետև երկնքումդ հերոսներ ունես, գիշերով երկնքում վառ լույսեր ունես... 

 Հայը, երբեք այլևս, ծնկի չի' գա, հայը ապրելու է, մենք դեռ շատ ու շատ հերոսական էջեր ենք լրացնելու` մեր խունացած գրքի էջերին: Մենք հաղթելու ենք, անպայման ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: 

 

No comments:

Post a Comment