Thursday 28 January 2021

Իրեն կփոխանցե՞ք


Մի օր, թե իմ փոխարեն տեսնեք իրեն, խնդրում եմ, փոխանցեք, որ դեռ սիրում եմ իրեն ու  սպասում: Ասացեք նաև, որ իր աչքերից երկրորդը չգտա, չէ', չփնտրեցի, դրա կարիքը չունեի, ուղղակի ոչ ոքի աչքերն էլ չեմ նկատում, որովհետև բոլորինը ստվերում է` իր աչքերից հետո: Ասացեք, որ սուրճը դեռ, սովորությանս համաձայն,  երկու բաժակ եմ դնում, լիքը շաքարավազ ավելացնում, ու սպասում Իրեն: Ասացեք նաև, որ էլի կոնֆետների պակաս ունեմ, դրա համար քաղցրիս պակասը շաքարավազով եմ հագեցնում: Հա', ու խնդրեք գալուց իր հետ Մեր սիրելի շոկոլադը բերի: Փոխանցեք նաև, որ իր հայացքից էլ չեմ գտնում, որովհետև ինքս կորել եմ այդ հայացքի մեջ: Ասացեք, որ մտքերի տեղատարափ է գլխումս, որովհետև հարցեր կան, որոնց պատասխանները փորփրում եմ մտադարակներումս, սակայն չեմ գտնում, որովհետև հարցերիս պատասխանները հետը տարել է: 

Հարցրեք իրեն, թե ո՞ր գիշերից են Իր աչքերը... Հարցրեք նաև, թե ո՞ր լույսերից են Իր ստվերները, որ փորձեմ բռնել այդ լույսերը ու ստվերանալ Իր լուսավոր ստվերներում: Հարցրեք, թե ո՞ր Արևը իրեն դարձրեց Լուսին ու դադարեց տաքացնել` վաղուց իր մեջ կորած հոգիս: Ու՞մ  անձրևը դարձավ և չեկավ, որ հանկարծ չթրջի Նրան: 

... Եթե մի օր իրեն հանդիպեք, ուղղակի նայեք իր հայացքի մեջ և ինձ էնտեղից դուրս մղեք, բայց և շշնջացեք, որ դեռ սիրում եմ իրեն ու սպասում...


No comments:

Post a Comment