Tuesday, 11 September 2018

Իմ կարծիքով` Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր լեռնագագաթը` Արագածն է


Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:

Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին:


Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):

Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:

Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:

Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ:


Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:

Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:


Առասպել Արագածի ծագման մասին
Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը:
Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

No comments:

Post a Comment