Friday, 25 September 2020

Թեյե՞նք...

 

«Թեյե՞նք... »
Տաք ջուրը եռում է գազօջախին, նոր բացված թեյի անուշ բուրմունքն արդեն շնչուղիների մեջ է, մի փոքր էլ և մուսան կլինի ոսկենախշ բաժակի հատակին:Գրիչն ու տետրը վաղուց սպասում են իրենց հերթին, նա էլ հոգեպես պատրաստ է խորասուզվել ենթագիտակցության հորձանուտը և տրվել մտքի և հոգու ազատության անկաշկանդ թռիչքի:

Երբ քարշ ես տալիս գոյությունդ ամայի ու քարքարոտ ճամփաներին, երբ մտքերդ ամեն անգամ հորդառատ անձրևի պես աշխարհի վերջն են բերում ու դու հեղեղի հատակին շուտափույթ ազատման հույսն ես կրում ներսումդ, ամեն ինչ սկսվում է նորից:
Հույսը մարդուն կուրացնում է.
կարծես պիտի ուղիղ ճանապարհով գնաս առերեսվես իրականությանը, մեկ էլ հույսը կողքից երփներանգ ճամփաներ է բացում, ու դու շեղվում ես ճշտից հանուն րոպեական հանգստության պատրանքի:
Ճիշտ ճանապարհին հետ գալու համար պիտի հաղթես ինքդ քեզ, պիտի գիտակցաբար ընտրես դժվարը, ցավոտը, տհաճը: Դա ոչ ամեն մարդու է հասու: Մեզնից շատերը գերադասում են ամբողջ կյանքի ընթացքում լինել երփներանգ անէության մեջ, քան հաստատակամ, բայց դառը իրականության:Ես էլ եմ նրանցից մեկը, ու հիմա, երբ կողքից ասում են. «Հանիր քեզ այդ վիճակից», նույնն է ինչ կողքից գոռաս բոքսի մարտադաշտում պայքարողին` դե, հաղթիր:Ինքը ճանապարհին է, իրեն դժվար է ու դեռ պարզ չի վերջում ինչ կլինի:
Երբ մեկին սիրում ես, պատրաստ ես արդարացնել իրեն ամեն հնարավոր ճանապարհով, երբ սիրում ես ինքդ քեզ, արդարացման և ինքնախաբեության ճանապարհները բազմապատկվում են հազարով:
Սիրահարվածը պայքարում է դատարկության մեջ հանուն դատարկության լայնացման:
Ոչինչ չկա շուրջդ. կաս միայն դու ու էտ անտեր հույսը, որ ամեն ինչ դեռ առջևում է:
Քայլում ես կուրորեն հավատալով, որ ամեն հաջորդ քայլ քեզ բերելու է դեպի բաղձալին իսկ իրականում ամեն հաջորդ քայլ քեզ պարզապես ավելի է խորացնում մոլորության մեջ:
Հույսը հուսալքում է , հույսը կոտրում է, հույսը օրեցօր ոչնչացնում է, հույսը օճառված պարանի պես կախվում է վզիդ ու սպասում է ինքնասպանությանդ, հույսը ընկերական դիմակ հագած դանակը ձեռքին սողոսկում է տունդ...
Նա, ով գեթ մեկ անգամ թռչել է, հավերժ կձգտի երկնքին, անկումը մահացու է, ամեն անգամ հույս ունես, որ այն կլինի վերջինը, թե որպես նորի սկիզբ, թե որպես հնի վերջ: Այլանդակված սողում ես առաջ, նորից թռիչ ու նորից այդ անկումը, թե որքան այսպես կարող է դիմանալ հոգին՝ երևի թե հավերժ, իսկ սիրտը՞, մի օր կանգ կառնի և վերջ՝ հնի վերջը, վերջ, որի հովանավորը հույսն էր
հույս, որի սկիզբը վերջն էր
սկիզբ, որը ավելի լավ է երբեք էլ չգար




1 comment:

  1. Hotels near Casino Center by Wyndham, Connecticut - Mapyro
    Save 춘천 출장샵 big with Mapyro® Hotels nearby · Hyatt Place Mohegan หาเงินออนไลน์ Sun · Comfort Inn Norwich · Fairfield Inn Norwich · 대구광역 출장안마 Holiday Inn Norwich · 문경 출장안마 Hyatt Place Mohegan 과천 출장마사지 Sun · Holiday Inn

    ReplyDelete