Wednesday 10 February 2021

Սառը փոթորիկներ են եռում ներքևում, իսկ հոգումս Արևն է շողում

<<Սառը փոթորիկներ են եռում ներքևում, իսկ հոգումս Արևն է շողում>>: 


Խաղաղ երկնքի տակ ես գնում եմ Շիրակի մարզ` լրացնելու ճամփորդադարակս, որը երկար ժամանակ դատարկ էր մնացել: 
Հիմա բացում եմ դատարկ դարակը, որտեղ, վստահ եմ, շատ հիշողություններ են կուտակվելու ու կրկին թափթվելու է այն: Հուշերս, տեղ չգտնելով դարակում, թռչելու են դուրս ու էդպես թափված մնան դարակի կողքին: 
Ես փախչում եմ առօրյա գորշ փոթորիկներից` դեպի լուսավոր Գյումրի: Գնում եմ փարվելու` վեհ լեռներին ու ավելի մոտիկից դիպչելու խաղաղ երկնքին: 
Իմ առաջ Գյումրին է իր ողջ գեղեցկությամբ ու հին կառույցներով, որոնք, մեկը մյուսին լրացնելով, տանում են քեզ դեպի անցյալ ու ամեն մի փլատակի տակ` ավարտված կյանքերն են հիշեցնում, բայց և կրկին ներկա բերում ու հիշեցնում շուրջդ եռացող կյանքերն ու ակնթարթերը, որոնք քեզնից ուղղակի պահանջում են գնահատել իրենց: 
 Ես ինձ կորցրած սահում եմ, շուրջս միայն սպիտակն է գերակշռում, քամին խաղում է մազերիս հետ, իսկ ձյունն իր մասին հիշեցնել է տալիս` հորդառատ թափվելով երկնքից: 
 Ցրտից սառած` գնում եմ դեպի Արփի լիճ, անունը լսելով արդեն տաքանում եմ, ու մեջս վառում եմ արևը, որը ձմեռվա գալով խամրել էր: Հաստ սառույցի շերտով պատված լիճը պահում է ինձ, իսկ ես, վախս հաղթահարելով, ոտք եմ դնում սառույցի վրա` կատարելու անկատար թվացող երազանքներիցս մեկը: 
  Մենք կրկին մեր լեռներում ենք, սառած, բայց խաղաղ: Մենք քայլում էինք սառը քամու հոսանքին հակառակ, կարծես ամեն մեկս մի-մի ճրագներ լինեինք, որոնք տաքություն էին պարգևում լեռներին, երկնքին, ձյանը, գետերին... Մենք մեր ներկայությամբ լցնում էինք սարերի գեղեցկությունը ու տրվում սառը քամուն` ջերմացնելով այն: 
Գիշերը քեզնից պահանջում է, որ չքնես, որ տրվես անկեղծ խոսակցություններին ու հանես միջիդ դառնությունը` վերածելով այն բարության: Երազանք պահիր ու երազիր, որովհետև խաղաղ երկնքից աստղեր են թափվելու, ու հետդ գլորվող լուսինը ականջ է դնելու քո անկեղծ խոսակցությանը: Բայց գիշերն էլ անվերջանալի չէ, չնայած ցանկություն կա, որ այն չավարտվի ու ձգվի մի ամբողջ հավերժություն: Խոստանում եմ` ընդկերներիդ հետ անկեղծ զրույցներ հյուսելով չես էլ զգա, թե երբ սկսվեց գիշերը ու երբ բացվեց առավոտը, ինչպես աստղերը չհասկացան` թե որն է դեպի առավոտ տանող ճանապարհը, որ փախչեն. նրանք, հետզհետե հալվելով, արարեցին առավոտը: 
  Դուք հիշողություն կերտեք ամեն անկյունում, ամեն ակնթարթը դարձրեք հիշողություն: Ես հիմա թողնում եմ Շիրակը ու գնում սառը Երևան: Ներքևում եռացող փոթորիկներ կան, իսկ մեջս միայն տաք արև ու գարնան նոր շունչ... 
Իմ Շիրակը մնաց ճամփորդադարակումս, և ես խոստանում եմ` վերադառնալու եմ, որ նոր հիշողություններ կերտեմ...
 






No comments:

Post a Comment